ՈՒՂԵՐՁ"ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑ. ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ"
Միջազգային համաժողովի
Մենք` համաժողովի մասնակիցներս, քննարկելով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված
- համահայկական միասնական գործողությունների համապարփակ ծրագիր մշակելու հարցը,
- Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման և դրա հետևանքների հաղթահարման նպատակով միջազգային և այլ դատական ատյաններ դիմելու հնարավորությունը,
- նշված խնդիրների հրատապությունը և կարևորագույն նշանակությունը ազգային-պետական անվանգության տեսակետից,
ելնելով այն իրողությունից, որ`
- Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների հաղթահարման հարցերում բեկումնային փոփոխությունները հնարավոր են միայն համայն հայության` Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի հայկական բոլոր կազմակեպությունների, կուսակցությունների ու անհատների համախմբման և դրանց ջանքերի մեկտեղման միջոցով:
- Ցեղասպանությունը հանցագործություն է ըստ միջազգային իրավունքի, հետևաբար, Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, դրա հետևանքների հաղթահարումը կարող են և պետք է կարգավորվեն միջազգային և այլ համապատասխան դատական ատյանների վճիռներով.
առաջարկում ենք`
- Մինչև Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը վերոնշյալ խնդիրների լուծումն ապահովելու նպատակով մշակել համապարփակ ծրագիր, (այսուհետ` Ծրագիր) որը.
- ա. կնախանշի Հայ Դատի և Հայոց պահանջատիրության վերաբերյալ համայն հայության միասնական դիրքորոշումը, բոլոր պետություններին այն հասցնելու միջոցներն ու ձևերը,
- բ. կներկայացնի միասնական համակարգված գործողություններ ինչպես ՀՀ-ում, Հայկական Սփյուռքում, այնպես էլ այլ պետություններում:
- Ծրագրի մշակման և համակարգման նպատակով ՀՀ Նախագահին առաջարկել ստեղծել պետական հանձնաժողով և անձամբգլխավորել այն: Պետական հանձնաժողովին կից ստեղծել Խորհուրդ, որն իր գործունեությունը կիրականացնի հետևյալ հիմնական ուղղություններով` միջազգային-իրավական, տեղեկատվական-քարոզչական, վերլուծական, գիտական, կրթական, լուսավորչական, լոբբիստական`ստեղծելով դրա կազմում համապատասխան փորձագիտական, մասնագիտական հանձնախմբեր, ինչպես ծրագրի իրագործման, այնպես էլ միջազգային դատական ատյաններ դիմելու հետ կապված ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը մշակելու համար:
- Ծրագրի իրագործումն ապահովելու համար ձևավորել Հիմնադրամ, որի միջոցները կգումարվեն հայկական բոլոր կառույցների և անհատների նվիրատվություններից ու հանգանակումներից
- Վեցամսյա ժամկետում մասնագիտական հանձնախմբի կողմից մշակված հայեցակարգային ծրագրի նախագիծը քննարկել և հաստատել հատուկ հրավիրված Համաժողովում, ինչը կնշանավորի համատեղ գործողությունների մեկնարկը և Հիմնադրամի ձևավորման սկիզբը:
- Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցներին, համահայկական կազմակերպություններին ու անհատներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին` սատարել սույն նախաձեռնությունը և հնարավորինս նպաստել չդատապարտված մեծ ոճրի` Հայոց Ցեղասպանության համար պատասխան պահանջելու և հետևանքները հաղթահարելու գործին:
2 հուլիսի 2010թ., ԵՐԵՎԱՆ
Նորացված է` 2010-07-19 18:38:16 |