ԲԱՆԱՁԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մեծագույն ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության եւ հայության հետագա ճակատագրի վրա:
Դրանով է պայմանավորված համայն հայության ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը` միասնական դիրքորոշման ձեւավորման, համակարգված քայլերի եւ գործողությունների իրականացման համար:
Մենք պատրաստ կլինեինք ապավինել հիմնահարցի` միջազգային իրավունքի նորմերից բխող կարգավորման գործընթացին, եթե Ադրբեջանը չնենգափոխեր խնդրի էությունը եւ հրաժարվեր իր հախուռն ու ագրեսիվ նկրտումներից:
Օգտվելով միջազգային հանրության որոշակի անտեղյակությունից, Արդբեջանը փորձում է ներկայացնել Հայաստանը որպես «ագրեսոր», իր տարածքները, ներառյալ ԼՂՀ-ն, «զավթող», մոռացության տալով անհերքելի փաստը, որ ինքն է սկսել լայնածավալ պատերազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, ի պատասխան արդարացի եւ օրինական նրա պահանջի` իր պատմական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու: Ավելին, Ադրբեջանը հրաժարվում է բանակցել «ղարաբաղյան հիմնահարցի» կարգավորմանը վերաբերող խնդիրների շուրջ, փոխարինելով այն «ղարաբաղյան հակամարտություն» հասկացությամբ:
Մինչդեռ հիմնահարցը որպես այդպիսին առաջ է եկել 20-րդ դարի սկզբին եւ արդյունք է այն ժամանակ, եւ հետագայում տեղի ունեցած պատմական եւ քաղաքական իրադարձությունների:
- 1920թ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920թթ.) դադարեց գոյություն ունենալ, իսկ նրա տարածքների զգալի մասը տրվեց Թուրքիային (Կարսի, Սուրմալուի շրջաններ) եւ Ադրբեջանին (Նախիջեւանը հանձնվեց Ադր.ԽՍՀ-ին, որպես պրոտեկտորատ` առանց երրորդ երկրի փոխանցելու իրավունքի): Այդ պայմանները վերջնականապես ձեւակերպվեցին 1921թ. Կարսի բազմակողմանի պայմանագրում:
- 1921թ. հուլիսի 5-ի Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ Ղարաբաղը, ավելի քան 95% հայկական բնակչությամբ եւ այն ժամանակ ամրագրված միջազգային փաստաթղթերում որպես «վիճելի տարածք» (Անտանտի Դաշնակից տերությունների, Ազգերի լիգայի փաստաթղթեր), ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին` պայմանով այնտեղ ստեղծել հայկական ինքնավարություն, ինչը հետագայում իրականացվեց երկրամասի միայն լեռնային հատվածում: Որպես վարչական միավոր, 1923թ. կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը` ԼՂԻՄ:
- 1921-88թթ. Ադրբեջանը պետական մակարդակով ղարաբաղահայության նկատմամբ սկսեց իրականացնել հայահալած քաղաքականություն, որի նպատակը` հայ բնակչության թիվը նվազեցնելն էր (1979թ. հայ բնակչությունը Ղարաբաղում կազմում էր արդեն 74.4%):
- 1988թ.փետրվարի 20-ին ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը` Մարզային Խորհուրդը համապատասխան միջնորդությամբ դիմեց ԽՍՀՄ, ԱդրԽՍՀ եւ ՀԽՍՀ Գերագույն Խորդուրդներին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմ մտցնելու վերաբերյալ: Ի պատասխան լիովին իրավաչափ այդ գործողությանը, Ադրբեջանի իշխանությունները երկրի խոշոր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) հայերի նկատմամբ ձեռնարկեցին կազմակերպված էթնիկ ջարդեր, զանգվածային դաժան սպանություններ եւ տեղահանություն: Ադրբեջանից բռնագաղթվեց շուրջ կես միլիոն հայ փախստական, որոնք մինչ այժմ չեն ստացել համարժեք նյութական, տարածքային եւ բարոյական փոխհատուցում:
- Մարզային խորհրդի միջնորդությունը ընդունվեց ՀԽՍՀ ԳԽ կողմից, իսկ ԽՍՀՄ եւ ԱրդԽՍՀ Գերագույն խորհուրդները մերժեցին այն:
- 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին:
- 1990թ. ապրիլի 3-ին ընդունվեց ԽՍՀՄ օրենքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման» մասին, համաձայն որի «... հանրապետության որոշումը Միության կազմից դուրս գալու մասին պետք է կայացվի միութենական հանրապետության ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ` հանրաքվեի միջոցով» (հոդվ.2): «Միութենական հանրապետությունում, որն իր կազմում ունի ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր եւ ինքնավար շրջաններ, հանրաքվեն պետք է անցկացվի յուրաքանչյուր ինքնավարությունում առանձին: Ինքնավար հանրապետությունների կամ ինքնավար միավորների ժողովուրդներին իրավունք է վերապահված ինքնուրույն որոշել` ԽՍՀՄ կազմում, կամ դուրս եկող հանրապետության կազմում մնալու, ինչպես նաեւ իր պետաիրավական կարգավիճակի հարցերը» (հոդվ.3):
- 1991թ. օգոստոսի 30-ին ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց հռչակագիր «Ադրբեջանական Հանրապետության պետականության վերականգնման մասին», որով Ադրբեջանը հռչակվեց 1918-20թթ. գոյություն ունեցող Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել:
- 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի ժողպատգամավորների համատեղ համագումարը «... փաստելով ԱդրԽՍՀ Գերագույն խորհրդի` 1918-20թթ. պետականության վերականգնման որոշումը եւ հիմք ընդունելով ԽՍՀՄ սահմանադրությունն ու օրենսդրությունը` ինքնավար միավորումների ժողովուրդների իրավունքը ինքնուրույն որոշելու իրենց պետաիրավական կարգավիճակը, ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիր:
- 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ կազմալուծումից առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում եւ Շահումյանի շրջանում անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվե, որի արդյունքում մասնակիցների ավելի քան 99%-ը «ԱՅՈ» ասացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Հանրաքվեին հետեւում էին անկախ դիտորդներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Բուլղարիայից, որոնք արտահայտել են իրենց դրական վերաբերմունքը եւ դիրքորոշումը հանրաքվեի` օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ընթացքի վերաբերյալ:
- Չհաշտվելով իրավական իրողության հետ, Ադրբեջանը 1991-94թթ. ապօրինի կերպով զավթելով հանրապետության տարածքում տեղակայված նախկին սովետական ռազմաօդային տեխնիկան, Լեռնային Ղարաբաղի անզեն բնակչության դեմ սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ` ավիացիայի, հրետանու եւ ծանր տեխնիկայի կիրառմամբ: Պարտադրված պատերազմի ծանր պայմաններում ձեւավորված Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերը հաղթական մարտերի արդյունքում ոչ միայն հետ մղեցին ադրբեջանական կանոնավոր բանակի հարձակումը, պահպանելով ԼՂՀ հիմնական տարածքները, այլեւ նրա շուրջը ստեղծեցին «անվտանգության գոտի»:
- 1994թ. մայիսին Բիշկեկի արձանագրության հիման վրա Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը: Զինադադարը մինչ այսօր հիմնականում պահպանվում է:
Նույն թվականի նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ Բուդապեշտի խորհրդաժողովում որոշվեց ԵԱՀԿ Մինսկի խմբին` համանախագահությամբ` Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի տրամադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական մանդատ, որի շրջանակներում մինչ օրս ընթանում են բանակցությունները:
Նշված փաստերն ապացուցում են արցախահայության ազգային-ազատագրական պայքարի արդարացիությունը եւ արձանագրում են այդ գործընթացի իրավական անխոցելիությունը:
Ելնելով վերոգրյալից, մենք հայտարարում ենք մեր միասնական դիրքորոշումը արցախյան համազգային հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Այն է`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր լիակատար անկախությունն Ադրբեջանից ձեռք է բերել կիրառելով բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, խստորեն հետեւելով ԽՍՀՄ ներպետական օրենսդրությանը եւ միջազգային-իրավական նորմերին: Հետեւապես, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման միակ եւ օրինական հիմքը միջազգային իրավունքի նորմերի եւ դրույթների գերակայության վրա հիմնված գործընթացն է, ինչը նշանակում է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական ճանապարհով:
2. Արձանագրելով քսան տարում ԼՂՀ-ում տեղի ունեցած անշրջելի փոփոխությունները, մենք անընդունելի ենք համարում բանակցային այնպիսի գործընթացը, որի արդյունքում հայկական կողմին կարող են պարտադրվել անհիմն զիջումներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես պետական կազմավորում` իր տարածքով, բնակչությամբ, պետական ու ժողովրդավարական ինստիտուտներով, տնտեսական ու իրավական համակարգերով կայացած իրողություն է: Հետեւապես, անվիճելի է, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ: Այլապես հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ:
3. Մենք կգործադրենք բոլոր ջանքերը խթանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես միջազգային իրավունքի սուբկեկտ ճանաչելու գործընթացը, պաշտպանելու ազգային-ազատագրական պայքարի բոլոր ձեռքբերումները, եւ վճռական ենք միասնաբար համարժեք պատասխան տալու մեր ժողովրդի անվտանգությանն ուղղված ցանկացած ոտնձգությանը:
Մենք միասին ենք, ուրեմն զորեղ ենք
Նորացված է` 2009-03-27 21:17:08 |